Ավելին Փակել

Արթիկի պետական քոլեջը հիմնադրվել է 1965 թվականին՝ որպես Լենինականի շինարարական տեխնիկումի մասնաճյուղ:

1966թվականին այն վերանորոգվել է և սկսել գործել որպես Արթիկի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում:

1999 թվականի դեկտեմբերի 3-ին ԿԳՆ կոլեգիայի թիվ 2/7 Ե որոշմամբ տեխնիկումը վերանվանվել է Արթիկի պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպության:

Արթիկի պետական քոլեջը կրթական և մշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Քոլեջը, օգտագործելով իր մարդկային և նյութական ողջ ներուժն ու կարողությունները, ձգտում է բավարարել աշխատաշուկայի պահանջները՝ պատրաստելով որակյալ մասնագետներ:  

Այն հանդես է գալիս որպես գիտելիք ու առաջավոր տեխնոլոգիաներ տարածող, ուսանողակենտրոն կրթական միջավայր  ու կրթության լայն մատչելիություն ապահովող հաստատություն: Արթիկի պետական քոլեջը, ընդունելով հասարակության առջև իր պատասխանատվությունը, նպաստում է անհատի շարունակական զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր ազգային արժեքների ոգով դաստիարակված քաղաքացու համակողմանի ձևավորման համար:

Քոլեջը գործունեություն է ծավալում 7 մասնագիտություններով՝

«Հաշվապահական հաշվառում» , «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» , «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» , «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» , «Փոխադրումների կազմակերպումև կառավարում տրանսպորտում» , «Իրավագիտություն»  և «Դիզայն»։

Արթիկի պետական քոլեջն ունի 4 ամբիոն ու կարիերայի կենտրոն։

Կարիերայի պատասխանատուն իրականացնում է կարիերայի արդյունավետ ուղղորդում, կարիերայի պլանավորում, շրջանավարտների մրցունակության բարձրացում, աջակցում է զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:

Ամբիոնների ու կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ ուսանողները ստանում են տեսական ու գործնական գիտելիքներ ու ամրապնդում կապը աշխատաշուկայի հետ։

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Արթիկի պետական քոլեջը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: