Արթիկի պետական քոլեջը հիմնադրվել է 1965 թվականին՝ որպես Լենինականի շինարարական տեխնիկումի մասնաճյուղ:
1966թվականին այն վերանորոգվել է և սկսել գործել որպես Արթիկի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում:
1999 թվականի դեկտեմբերի 3-ին ԿԳՆ կոլեգիայի թիվ 2/7 Ե որոշմամբ տեխնիկումը վերանվանվել է Արթիկի պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպության:
Արթիկի պետական քոլեջը կրթական և մշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Քոլեջը, օգտագործելով իր մարդկային և նյութական ողջ ներուժն ու կարողությունները, ձգտում է բավարարել աշխատաշուկայի պահանջները՝ պատրաստելով որակյալ մասնագետներ:
Այն հանդես է գալիս որպես գիտելիք ու առաջավոր տեխնոլոգիաներ տարածող, ուսանողակենտրոն կրթական միջավայր ու կրթության լայն մատչելիություն ապահովող հաստատություն: Արթիկի պետական քոլեջը, ընդունելով հասարակության առջև իր պատասխանատվությունը, նպաստում է անհատի շարունակական զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր ազգային արժեքների ոգով դաստիարակված քաղաքացու համակողմանի ձևավորման համար:
Քոլեջը գործունեություն է ծավալում 7 մասնագիտություններով՝
«Հաշվապահական հաշվառում» , «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» , «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» , «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» , «Փոխադրումների կազմակերպումև կառավարում տրանսպորտում» , «Իրավագիտություն» և «Դիզայն»։
Արթիկի պետական քոլեջն ունի 4 ամբիոն ու կարիերայի կենտրոն։
Կարիերայի պատասխանատուն իրականացնում է կարիերայի արդյունավետ ուղղորդում, կարիերայի պլանավորում, շրջանավարտների մրցունակության բարձրացում, աջակցում է զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:
Ամբիոնների ու կենտրոնի միասնական աշխատանքի շնորհիվ ուսանողները ստանում են տեսական ու գործնական գիտելիքներ ու ամրապնդում կապը աշխատաշուկայի հետ։